BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Պանիկովսկին պարտավոր չէ հավատալ

Պանիկովսկին պարտավոր չէ հավատալ
24.06.2016 | 09:28

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում ավարտվեցին խմբային հանդիպումները, հայտնի դարձան փլեյ օֆ դուրս եկած հավաքականները:
Ավելին՝ մրցակցող զույգերը:

Ամենայն մանրամասնությամբ խմբային հանդիպումներին անդրադառնալու հարկ չենք տեսնում՝ հիմք ունենալով նաև թերթի էլեկտրոնային տարբերակում օպերատիվ հաղորդված տեղեկատվությունը, բայց դե մեկ-երկու ազատության իրավունք, այնուամենայնիվ, մեզ վերապահենք:
Մեկ ութերորդ եզրափակիչ դուրս եկած առաջին երեք հավաքականների մեջ էին Իտալիայի ու Իսպանիայի ընտրանիները: Խմբային երրորդում այս երկուսից սկզբունքորեն իրեն ցանկացած կարգի ազատություն կարող էր թույլ տալ Իտալիայի ընտրանին, քանի որ Իսլանդիայի հավաքականի հետ խաղում, անկախ արդյունքից, դատապարտված էր առաջին տեղով փլեյ օֆ դուրս գալու: Ահա թե նաև ինչու Անտոնիո Կոնտեն խաղադաշտ հանեց իր ընտրանու երկրորդ կազմը՝ նույն փլեյ օֆ դուրս գալու հարցում ուղղակի թե անուղղակի օգնելով իռլանդացիներին (0:1):


Խնդրո առնչությամբ իսպանացիների պարագայում փոքրիկ նրբություն կար: Երկրորդ տեղում հայտնվելուն հաղթանակի տեսքով նրանց կարող էին «օգնել» խորվաթները՝ նրանց դեմ հանդիման հանելով իտալացիներին: Խորվաթներն արեցին իրենց գործը (հաղթել են 2:1 հաշվով) ու արդեն նույնքան սկզբունքորեն դժվար է ասել՝ դրանից շահեցի՞ն իտալացիները, թե՞ ոչ: Իսպանացիների նկատմամբ խորվաթների հաղթանակով մի կողմից իտալացիները խուսափեցին Եվրոպայի վերջին առաջնությունում իրենց «շնածեծ» տվածների՝ Խորվաթիայի ընտրանու հետ հանդիպելուց (գոնե այս փուլում), մյուս կողմից էլ դեմ առան «կարմիր ֆուրիային»:


Իսկ կուզենա՞ր արդյոք Վիսենտե դել Բոսկեն այս փուլում հանդիպել իտալացիներին: Ակնհայտորեն ոչ, որովհետև մեկ ութերորդը խմբային փուլ չէ, որ կարողանաս վրիպումդ շտկել կամ դրա ժամանակն ունենալ: Ինչևիցե, փաստը մնում է փաստ, որ, ի դեմս Իտալիա-Իսպանիա դիմակայության, արդեն իսկ մեկ ութերորդում ֆուտբոլասերը ստացավ եզրափակչին վայել դիմակայություն: Սակայն ողջ խնդիրն այն է, որ եզրափակչին վայել դիմակայություն ֆուտբոլասերը կստանա նաև մեկ քառորդում, որտեղ այս զույգի հաղթողը դիմակայելու է Գերմանիայի ընտրանուն (չենք կարծում, որ սլովակները մեկ ութերորդում կկարողանան գերմանական մեքենայի դեմն առնել):


Հիմա թե այսքանից հետո մրցաշարային ցանցը կազմածների մասին դուք ինչ կարծիքի կլինեք՝ այս ամենը դիտելով որպես պատահականություն, թե խորապես պլանավորված բան, անկեղծ ասած, դա ձեր խիստ մասնավոր գործն է, իսկ ինձ թույլ տվեք մտածել, որ այս կերպ մաքրվում կամ թեթևացվում է (բառերին նախապատվություն տալը ձեր իրավունքն է) առաջնության կազմակերպիչ երկրի՝ Ֆրանսիայի ընտրանու, ճանապարհը եզրափակիչ:
Հը՞: Կասկածի որոմը գցեցի ձեր սրտե՞րը:
Ինչպես ուզում եք՝ ընկալեք, սակայն ինձ չեք կարող խանգարել մտածելու հայտնի վեպի հայտնի հերոսի պես, ով իր մասին (գուցե և անձի ակնհայտ գերագնահատումով) ասում էր. «Պանիկովսկին պարտավոր չէ հավատալ»:


Լա՜վ, ասենք թե խորվաթները դանայան նվեր արեցին իտալացիներին կամ իսպանացիներին (առաջնայնություն տալը ճաշակի հարց է), բա իրե՞նք ինչ նվեր ստացան: Հիմա կասեք, թե ճռռոցով խմբայինից մի կերպ դուրս եկած պորտուգալացիները (ի դեպ, առաջնության միակ թիմը, որ երեք ոչ-ոքիով դա հաջողեցրեց) խորվաթների գազան թիմին մրցակից չեն: Այս կերպ դատելով՝ դուք կարող եք ակնհայտորեն շտապողականություն հանդես բերել, իսկ վռազողի մերը, հայտնի բան է, տղա չի բերում, թեպետ սա, անկասկած, չի նշանակում, թե, եթե տակը մտել ես, պիտի դուրս չգաս: Ինչևէ, գլուխներդ ինչ ցավեցնեմ, ես ռեալ բան եմ տեսնում նրանում, որ Ռոնալդուի ախորժակը լավ էլ բացվել է, իսկ երբ ախորժակդ բացված է լինում, կարող է «սամալյոտի» միս էլ ուզես: Համ էլ՝ ուզելը, որ ուզել է, ինչո՞ւ չուզես: Բոլոր դեպքերում մեկ ութերորդի այս խաղում էլ ֆուտբոլասերին կրքերի պակաս փոթորիկ չի սպասում:
Ֆրանսիան: Ի դեմս իռլանդացիների, ֆրանսիացիներն այնքան էլ անզոր մրցակից չունեն, իսկ եթե գործին խառնվեն նրանց ավանդական թիթիզությունն ու երկրորդի նույնքան ավանդական մաֆիոզությունը (ազգային տարրի առումով), մեկ էլ կարող ես տեսնել, որ եզրափակչում ունես բոլորովին այլ թիմեր:


Այսպես ասած՝ երկրորդ էշելոնի:
Ասածս, իհարկե, աքսիոմ չէ, բայց դե ոտքով-գլխով, պետով-ծետով խելագարված այս աշխարհում ամեն ինչ հնարավոր է: ՈՒ ակամայից (սա, ի դեպ, խիստ ի միջի այլոց) հանդգնում ես մտածել, բա Վարուժան Սուքիասյանի հավաքականը չլինե՞ր այս Եվրոպայում, որ մեր ու մանուկ լացացներ հայկական ֆուտբոլի գերմանահպատակ իր ֆեդերացիայով: Սրա՞ն ինչ ասիք:


Ընթերցողից խոնարհաբար կխնդրեի թեթևամտորեն չվերաբերվել ՈՒելս-Հյուսիսային Իռլանդիա մրցակցությանը: Բրիտանական գունավորումով այս դիմակայությունը չի խոստանում պակաս հետաքրքրական լինել շատ ու շատ առումներով, սակայն թույլ տվեք մանրամասների մեջ առանձնապես չխորանալ, որովհետև այդպես կընկնեմ «պեչենու», թո՜ւ, մարքսիզմի բաղերը, հարկադրված կլինեմ խոսել պատմության մեջ անհատի ու ոչ թե ժողովրդի վճռորոշ դերից, իսկ սրա մեջ թաքնված լիքը խոչ ու խութեր կան, հենց թեկուզ մեկը վաղը-մյուս օրը մարքսիզմի գաղափարի հնարավոր հաղթական վերադարձով ու ռևիզիոնիստական հայացքների համար ինձ նման միամիտին պատին դեմ տալու ցասկոտ հեռանկարով:


Սույնի (դիմակայությունը նկատի ունեմ) կապակցությամբ հնարավոր մեկ այլ տագնապ էլ կա: Չեք մոռացել, չէ՞, ազգային տարրի առումով վերն արած ակնարկս: ՈՒ քանի որ, անկախ հյուսիսից ու հարավից, իռլանդացին մնում է իռլանդացի (դա ձեզ համար այնքան էլ հայաստանցի ու ղարաբաղցի տարբերակում չէ), ավելի լավ է ինձ թողնեք մնալ ֆուտբոլային իրադարձությունների անվնաս տիրույթում ու ավելի բան մի պահանջեք, թե չէ միանգամից երկու հոդվածով «կգնամ» կամ կուղարկեն ոչ այնքան արևոտ կողմեր:
Շարունակենք:


Եթե ոմանք կարծում են, թե, ի դեմս իսլանդացիների, անգլիացիներն իրենց համար ավանդական լանչին մարսողությունը դյուրացնող նույնքան ավանդական թեյ են ստացել, կարծում եմ, ռեալ գիրկը (գրկերը) թողած, մոլորությունների գրկում են հայտնվել: Այնուամենայնիվ, թույլ տվեք հարցնել՝ անգլիացիների հետ խաղում էդ ինչո՞ւ պիտի իսլանդացիները չխիզախեն: Համ էլ Եվրոպայի այդ ո՞ր մի առաջնությունում են անգլիացիները կատու ձևել (սա թագուհու կատվասեր լինելով չի պայմանավորված), որ այս մեկում ձևեն: Է, հասկացանք, որ ջահել, սիրուն, «սիմպատիչնի» թիմ է: Սակայն տարիների իմ ունեցած այս բարձրությունից համեստաբար նկատեմ, որ ջահելությունը միայն մի դեպքում առավելություն ունի, էդ դեպքի մասին էլ եկեք չխոսենք, որովհետև սա մարզական էջ է ու ոչ թե ուրիշ բաների ուսուցման դասընթաց կամ մեթոդական ձեռնարկ:


ՈՒզում էի հարցնել՝ ո՞վ մնաց, ու հիշեցի՝ ոչ թե՝ ով, այլ ովքեր:
Շատ հետաքրքիր դիմակայություններ են սպասվում Շվեյցարիա-Լեհաստան, Հունգարիա-Բելգիա մրցակցություններում: Հատկապես Բելգիայի ընտրանու կապակցությամբ լիքը բաներ ունեմ ասելու, բայց դե, սատանի պես, թերթի խմբագրակազմից ասել են համակարգչային երկու էջի շրջանակներում մնալ, կարծես թե այս օրերին ֆուտբոլից ավելի հետաքրքիր բան կա աշխարհում: Ի՞նչ անեմ: Եթե մի փոքր էլ դժգոհեմ, կարող է գրածս բռնեն ու մկրատի տակ գցեն: ՈՒ քանի որ, փառք Աստծո, մինչև հիմա նման բան չեն արել, ծուռ նստենք՝ շիտակ խոսենք. մկրատի մասին հիշեցնե՞լս որն է: Համ էլ, մեծահոգի լինենք, թող իր համար էդպես էլ մնա չմկրատողի համարում ունեցող թերթ: Ես որ իմ բաժին հնարավորությունը տալիս եմ:
Ո՛ղջ լերուք:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1276

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ